Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորել է Հայ մամուլի հիմնադրման օրը։ Հայտարարությունում ասվում է․
«Սիրելի՛ գործընկերներ, մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, այսօր նշում ենք Հայ մամուլի հիմնադրման օրը:
Մենք՝ գործող լրագրողներս, ամենօրյա աշխատանքով շարունակում ենք հայ մամուլի ավանդույթները, ինչը ոչ միայն հպարտության առարկա է, այլ նաև չափազանց պարտավորեցնող առաքելություն: Այսօր մեր պետությունը բախվում է լրջագույն մարտահրավերների, պայմանավորված` ինչպես արտաքին, գոյաբանական սպառնալիքներով, այնպես էլ ժողովրդավարությանն ուղղված ներքին ոտնձգություններով, ազատ խոսքի հանդեպ դրսևորվող՝ երբեմն թշնամանքի հասնող անհանդուրժողականությամբ: Բոլոր այս իրողությունները բազմապատիկ բարդացնում են մամուլի, զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Մյուս կողմից, սակայն, նաև մեր մասնագիտական գործունեությանն ուղղված այդ մարտահրավերները ստիպում են մեր աշխատանքին վերաբերվել ոչ միայն ծայրահեղ պատասխանատվությամբ, այլ նաև նույնքան պատվախնդրությամբ՝ մեր մասնագիտությունը ամենատարբեր ոտնձգություններից պաշտպանելու իմաստով:
Հարգելի գործընկերներ,
Այսօր հայկական մամուլի դեմ ուղղված ամենահամակարգային մարտահրավերներից մեկն այն է, որ գործող իշխանությունները՝ արտաքին աշխարհի համար ձևական ժողովրդավարություն ցուցադրելու նպատակով պահպանում են խոսքի ու մամուլի ազատության արտաքին շղարշը, միևնույն ժամանակ բովանդակային հարթությունում անելով ամեն ինչ` ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելու համար մեզանից պահանջվում է առաջին հերթին ու առավելապես մասնագիտական համերաշխություն, յուրատեսակ հավատարմություն լրագրությանը, որը մեզ կհամախմբի անկախ մեր բոլոր տարբերություններից ու տարաձայնություններից: Այդ միասնականությանը մենք կարող ենք հասնել այդ թվում ու առաջին հերթին մեր գործունեության մեջ լրագրողական էթիկայի կանոնների խստիվ պահպանմամբ և մեր աշխատանքի հանդեպ ներքին պատասխանատվության բարձրացմամբ, ինչը, ցավոք, ոչ միշտ է դրսևորվում մեր օրերում:
Ազատ խոսքն ու մամուլը ժողովրդավարության կենսական հիմնասյուներից մեկն է, որի պաշտպանությունն ու զարգացումն այսօր մեր՝ լրագրողներիս պարտականությունն է:
Շնորհավորելով բոլորիս Հայ մամուլի օրվա առիթով՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը բոլորիս մաղթում է կամք, վճռականություն, մասնագիտական ու մարդկային քաջություն՝ այս դժվարին ժամանակներում մեզ բաժին հասած մասնագիտական, բայց նաև հանրային պարտականությունը արժանապատվորեն կատարելու գործում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը